Մարդահամար անցկացնելիս, ինչպես հայտնի է, բնակչության երկու թիվ է ստացվում՝ «առկա բնակչություն» և «մշտական բնակչություն»: Առաջին խումբը՝ «առկա բնակչությունը», իր մեջ ներառում է մարդահամարի անցկացման պահին ներկա մարդկանց թիվը: 2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի «մշտական բնակչության» թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ: Մինչեւ 2011 թվականը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակաբար աճել է, եւ արդեն 2011-ի սկզբին այդ ցուցանիշը, կրկին ըստ ԱՎԾ-ի, կազմել է 3 միլիոն 262 հազար 200 մարդ: Նշված տարիներին Հայաստանից արտագաղթը չի դադարել, բայց մշտական բնակչության թիվը, միեւնույն է, շարունակում էր աճել, ինչը հիմնականում բացատրվում էր այն հանգամանքով, որ արտագաղթների հաշվառում, որպես այդպիսին, չի իրականացվում: 2011 թվականի հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 3 միլիոն 18 հազար 854 մարդ: Այսպիսով՝ ստացվում է, որ 2001 թվականի համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 194 հազար 157 մարդով: Սակայն նշված տասը տարիներին Հայաստանն ունեցել է նաեւ բնակչության բնական աճ՝ ծնվածների եւ մահացածների թվի դրական տարբերությունը: Մասնավորապես, նշված տասը տարում Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 134 հազար 291 մարդ: Իսկ բնական աճի պայմաններում մշտական բնակչության թվի նվազում արձանագրելու համար անկումը պետք է լիներ ավելին: Այսինքն՝ մշտական բնակչության իրական նվազումը եղել է բնական աճի եւ արձանագրված անկման գումարի չափով, այն է՝ 328 հազար 448 մարդ: Ստացվում է՝ 2001 թվականից մինչեւ 2011 թվականը Հայաստանի Հանրապետությունը կորցրել է նշված վերջին թվի չափով քաղաքացիներ: Մարդահամարից հետո՝ 2012 թվականին, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 21 հազար 400 մարդ, 2013 թվականի սկզբին այդ թիվը եղել է 3 միլիոն 41 հազար, 2014 թվականի տարեսկզբին՝ 3 միլիոն 17 հազար 400, իսկ արդեն 2015 թվականի սկզբին՝ 3 միլիոն 10 հազար 600: Այսինքն՝ 2011-ի մարդահամարից հետո մինչեւ 2013 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակել է աճել, իսկ արդեն 2014-ի սկզբին այդ ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: 2012-ից 2014 թվականը ներառյալ Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 44 հազար 735 մարդ: Այսպիսով 2001 թվականից մինչեւ 2015 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 403 հազար 583 մարդով: Սակայն, երբ ուսումնասիրում ենք պաշտոնական վիճակագրության տվյալները, պարզվում է՝ վերը բերված թիվն էլ վերջնական չէ: Բանն այն է, որ ըստ ԱՎԾ-ի՝ 2007 թվականից, երբ ներդրվեց երկքաղաքացիության համակարգը, Հայաստանը երկքաղաքացիություն է շնորհել 53 հազար 322 մարդու: Բնականաբար, երկքաղաքացիները եւս ներառված են ՀՀ մշտական բնակչության թվաքանակի մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ վերջին 14 տարիներին Հայաստանը կորցրել է 456 հազար 905 քաղաքացի: Այս թիվը չշփոթել արտագաղթի թվի հետ: Արտագաղթի թիվը շատ ավելի մեծ է, բայց այն մարդիկ, ովքեր արտագաղթել, բայց չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի: Եթե մի լավ օր Հայաստանում իրավիճակը փոխվի, եւ այն իր քաղաքացիների համար դառնա գրավիչ երկիր, ապա կասկած չկա, որ քաղաքացիների մի մասը կվերադառնա Հայաստան: Իսկ քաղաքացիությունից հրաժարված եւ այլ երկրի քաղաքացիություն ընդունած մեր նախկին հայրենակիցներին Հայաստան վերադարձնելն արդեն կարելի է համարել անհույս գործ:
Անուշ Աղաջանյան